ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Մեր ժողովուրդը չի սովորել պետություն ունենալ

Մեր ժողովուրդը չի սովորել պետություն ունենալ
27.09.2025 | 15:53

Նույնիսկ թռուցիկ հայացք նետելով Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը՝ մի բան ակնառու է դառնում՝ մեր ժողովուրդը չի սովորել պետություն ունենալ։ Սա կոպիտ և ցավոտ դիտարկում է, բայց այն իրականություն է, որի հետ առերեսվելը վաղուց արդեն կենսական անհրաժեշտություն էր։

1991-ից հետո հայ ժողովուրդը, վերականգնելով անկախ պետականությունը, դրա՝ որպես հոգևոր, ազգային, պատմական ու քաղաքակրթական նվաճման, արժեքը չգիտակցեց։ Պետականությունը չդարձավ ինքնության առանցք, այլ ընկալվեց որպես գործիք, ռեսուրս՝ այս կամ այն խմբի շահերը սպասարկելու համար։ Սա է հիմնական պատճառը, որ երեք տասնամյակում Հայաստանի պետական ինստիտուտները չձևավորվեցին որպես անկախ մարմիններ, այլ մնացին կախյալ՝ երբեմն արտաքին ուժերից, երբեմն ներքին սին ուժերի և առիթախնդիր քաղաքական էլիտաների կամքից։

Այս երեսուն տարվա ընթացքում ձևավորվեց կեղծ պետականություն՝ ձևով նման պետության, բայց ըստ էության, դատարկ կառույց, որը կրել է «պետության» անունը։ Այս սիմուլյակրը արտահայտվում էր տարբեր ձևերով՝

● «Ազգային գաղափարի» փոխարեն՝ տնտեսական աճի և միջազգային վարկանիշների պաշտամունքը,

●Պետական շահի փոխարեն՝ կոնկրետ կուսակցությունների շահերի փաթեթավորում պետական հռետորաբանությամբ,

●Հայրենիքի սիրո փոխարեն՝ հայրենիքի «մենեջմենթի» մասին խոսույթը։

Արդյունքում ձևավորվեց մի մոդել, որտեղ պետությունը ընկալվում էր ոչ թե որպես պատասխանատվության ու զոհաբերության տարածք, այլ որպես հարմարավետության և «հաջողության» հարթակ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերելքը և իշխանությունը հենց այս կեղծ պետականության տրամաբանության ծայրահեղ դրսևորումն էր։

Նրա՝ «պետությունը լավ ապրելու համար է» արտահայտությունը, որը որոշ շրջանակներ նույնիսկ «պրոգրեսիվ» էին համարում, իրականում հանդիսացավ ազգային արժեհամակարգի խեղման կոդավորված ձև։

Այս մի նախադասության մեջ ամբողջությամբ բացակայում է պետականության որպես զոհաբերության, ծառայության, արժանապատվության և ինքնիշխանության զգացողությունը։ Այնտեղ չկա ո՛չ հայրենիք, ո՛չ պայքար, ո՛չ պատասխանատվություն։

Փոխարենը կա սպառողական մարդ, որին պետությունը պարտավոր է «մատակարարել»՝ ինչպես սպասարկող սուպերմարկետը։

Ողբերգական է, սակայն այդ գաղափարն արձագանք գտավ հայ հասարակության լայն շերտերում։ Դա վկայում է, որ խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։

Խնդիրը նրա զանգվածային ընկալումն է, նիկոլիզմը, որ ինքը դարձավ նույն այդ սիմուլյակրային պետականության «ժողովրդավարական» մարմնավորումը։

Սփյուռքի՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հայերը պատկանում են այն հասարակություններին, որտեղ պետականությունը պատմական և քաղաքակրթական հասկացություն է։ Նրանք իրենք չեն ստեղծել պետություն, բայց ապրում են պետության մեջ, որն իր հերթին պահանջում է գիտակցված քաղաքացիություն՝ պարտքի, ոչ թե միայն իրավունքների վրա հիմնված։ Այդ պատճառով հաճախ նրանք չեն հասկանում ՀՀ քաղաքացու պահվածքը, ով անտարբեր է պետական ինստիտուտների նկատմամբ, ներում է կապիտուլյացիան, հարմարվում նվաստացմանը։ Այդ հակասությունը խորքային հոգեբանական և արժեհամակարգային ճեղքվածք է։

Ճեղքվածք՝ պետականության զգացողության մեջ։

Մինչև մեր հասարակությունը չսովորի իրեն նայել առանց ինքնախաբեության, մինչև չգա համազգային ռեֆլեքսիայի պահը, մինչև չճանաչենք մեր պատմական մեղքերը և կեղծ հավատամքները, Նիկոլ Փաշինյանին գալու է փոխարինելու Նիկոլ Փաշինյան-2-ը։ Նոր անուն, նոր խոսքեր, բայց նույն դատարկությունը։

Հասարակությունը, որ իր սերնդի առջև չի դնում ազգային ինքնության, պետականության և ճակատագրի հարցերը, դատապարտված է ցիկլային անկումների։ Իսկ պատմության մեջ հաջորդ նման անկման ժամանակ կարող է չլինել ուղղվելու հնարավորություն։

Հայ ժողովուրդն ունի պետություն, բայց դեռ չի գիտակցել դրա իմաստը։ Մինչև այդ գիտակցումը չգա, պետականությունը կմնա փխրուն, հարմարեցված և մատչելի ոչ թե ժողովրդին, այլ արտաքին կամ ներքին շահերին։ Այժմեական խնդիրն է՝ նոր հիմքով կերտել ազգային արժեհամակարգ, որտեղ պետությունը դադարում է լինել «ապրելու մասին», և դառնում է՝ ծառայելու, կառուցելու, պայքարելու, զոհվելու, հաղթելու ու ապրեցնելու մասին։

Միայն այդպես կարող ենք ունենալ իրական պետություն՝ ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ․Գ․

Հիշեցում՝ Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար դատապարտվել է ազատազրկման։

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ